Բաժիններ՝

Պահանջում ենք ազատ արձակել Վ. Ավետիսյանին. «Ազատամարտիկների խորհուրդ»

«Ազատամարտիկների խորհուրդ»-ը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի իբր թե Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել` Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար: Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ` Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է և համակարգում որևէ պաշտոն չի զբաղեցնում, ապա` նրան ճանաչելով` հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ: Մենք համոզված ենք, որ նրա նկատմամբ այդ սադրանքը պայմանավորված է վերջին ամիսների հասարակական ակտիվ գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք` բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա` մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է: Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, ապա մենք` ներքո ստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին: Ռազմի դաշտում լինելով Լեոնիդ Ազգալդյանի ընկերը և նրա տեղակալը` նա միշտ աչքի է ընկել մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչև օրս քարոզում է օրինականություն և հայրենասիրություն: Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ: Պահանջում ենք ազատ արձակել Վ. Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս