
Ուղեղների նոր արտահոսքի վտանգի առաջ. ՏՏ ոլորտի աշխատակիցների բաց նամակը Տիգրան Սարգսյանին

Հայաստանի ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ավելի քան 70 աշխատակիցներ բաց նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով վերանայել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը
* * *
Մեծարգո պարոն Վարչապետ
Մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ձեզ վերանայել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը: Մեզնից շատերն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այս օրենքի համաձայն` մենք ստիպված կլինենք մեր աշխատավարձի(բոլոր հարկերը վճարելուց հետո) 6.7 – 11.25% փոխանցել կենսաթոշակային ֆոնդ: ՏՏ ոլորտում աշխատողներիս համար այդ տոկոսը մեծ գումար է, որը էապես կազդի մեր ընտանեկան բյուջեի վրա:
Քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի արտերկրում աշխատելու բազմաթիվ առաջարկներ, իսկ այդ երկրներն ունեն մեզ նման մասնագետների խիստ պահանջարկ, այս օրենքը կծնի ուղեղների նոր արտահոսք և արտագաղթ: Ուստի խնդրում ենք վերանայել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը և դարձնել այն կամավոր կամ, ծայրահեղ դեպքում, պարտադիր դարձնել ամսական մինչև 25000-ական դրամ վճարումները, որքանով մասնակցում է պետությունը:
Այս նամակը ստորագրել են «Սինոփսիս», CQG, Mentor Graphics, Credence, INNOVA ընկերությունների ավելի քան 70 աշխատակիցներ: