
Գեորգի Մարգվելաշվիլին նախագահ կլինի բոլորի համար. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տանելու հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել Մարգվելաշվիլիի ընտրական ծրագրի շնորհանդեսը: Իվանիշվիլին Մարգվելաշվիլիին բնութագրել է, որպես արժանի, կրթված, հավասարակշիռ և ազնիվ մարդ. «Գեորգի Մարգվելաշվիլիին վստահություն հայտնելը կնշանակի վստահել ինձ:
Ես վստահ եմ, որ հոկտեմբերին մենք ևս մեկ անգամ կհամախմբվենք և կընտրենք Գեորգի Մարգվելաշվիլիին՝ մեր ձայնը տալով Վրաստանի կայունությանն ու առաջընթացի համար: Ես խորապես վստահ եմ Մարգվելաշվիլիի հաղթանակի մեջ, և դա կլինի մեր երկրի ընդհանուր հաղթանակը:
Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա Վրաստանի նախագահը, և նա նախագահ կլինի բոլորի համար: Դա կլինի Վրաստանի պատմության մեջ վերջին 20 տարվա առաջին դեպքը, երբ (առանց վաղաժամ հրաժարական տալու) ավարտվում է նախագահական մանդատի սահմանադրական ժամկետը և ընտրվում է նոր նախագահ: Դա Վրաստանի պետականաշինությունում մեծ քայլ է դեպի առաջ»: