
Մարսելում կբացվի Գարիկ Կարապետյանի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 21-ին Մարսելի «Աննա Չոպ» գալերեայում տեղի կունենա մեր հայրենակից աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի անհատական ցուցահանդեսը: Նշենք նաև, որ նկարիչ Գ. Կարապետյանն արդեն հինգ տարի համագործակցում է վերոնշյալ գալերեայի հետ, որի արդյունքում Ֆրանսիայում գալերեան մշտապես ներկայացնում է նկարչի աշխատանքները և կազմակերպում է ցուցահանդեսներ:
Եվրոպայում այս տարի Մարսելը հռչակվել է որպես մշակութային մայրաքաղաք, հետևաբար Մարսելում այս ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային իրադարձություններ: 168.am-ին Գ. Կարապետյանը տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակներում ժամանակակից արվեստի բոլոր ցուցահանդեսները ներկայացնում է «Աննա-Չոպ» գալերեան: Սեպտեմբերի 21-ին բացվող ցուցահանդեսում ներկայացվելու են Գ. Կարապետյանի Լոնդոնում և Մարսելում նկարած աշխատանքները, որը լինելու է այս երկու երկրներում նրա ստեղծագործական շրջանների համադրությունը: Մարսելում Գ. Կարապետյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 2-ը: