ԱՄՆ 200.000 էջ կազմող հանցանշաններ է հավաքել Ասադի վարչակարգի գործունեության մասին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետները սիրիական ընդդիմության օգնության վկայություններ են հավաքել ռազմական հանցանքներում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մեղավորության մասին:
Այս մասին հայտարարել է հատուկ հանձնարարություններով ԱՄՆ դեսպան, ռազմական հանցանքների գործերով փորձագետ Ստեֆեն Ռափը: Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ը նյութեր է հավաքում՝ Ասադի դեմ քրեական գործ հարուցելու համար:
Հատուկ դրա համար սիրիացիների խումբն անցել է ուսուցում, թե ինչպես պետք է ճիշտ փնտրել ու հայթայթել անհրաժեշտ տեղեկատվություն: Ներկա դրությամբ հավաքվել է ավելի քան 200.000 էջ նյութ, որոնք պահվում են Եվրոպայում ԱՄՆ-ի հիմնած կենտրոնում, ուր և դրանք ուսումնասիրում են փորձագետները:
Ենթադրվում է, որ այդ հանցանշաններն օգտագործվելու են Սիրիայի նախագահի հանդեպ դատական գործընթացի ժամանակ: Ռափի խոսքերով՝ հավաքված ապացույցների քանակն ու որակը հնարավորություն կտան Ասադի գործը դարձնել լավագույններից մեկը՝ պետության ղեկավարների հանդեպ միջազգային գործընթացների թվում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր չեն միայնակ գործ հարուցել Ասադի նկատմամբ և ձգտում են ստեղծել յուրօրինակ «խառը դատ»՝ դրանում ներգրավելով միաժամանակ և՛ միջազգային խաղացողների, և՝ սիրիացիների:
Դիվանագետի խոսքերով՝ գործընթացը կարող է սկսվել դեռ մինչև Սիրիական հակամարտության ավարտը՝ թեև այն կարող է ստացվել տևական և հանդիպել դիմադրության, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից: