Հայկ Ալումյան. Քննչական մարմնի գործողությունները գնահատում եմ արդեն քրեական դաշտում
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը մի առիթով ասել էր. «Ես հնարավորինս լռում էի, թույլ էի տալիս, որպեսզի հնարավորինս Հայկ Ալումյանը մաղձը թափի։ Իմ վստահորդը ասում էր՝ խոսա, խոսա, ես էլ ասում էի՝ ինչի խոսամ, թող սպառի իրեն»:
168.am-ը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց` արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ նրա և Ռուբեն Սահակյանի հարաբերությունները վատացել են:
«Ոչ: Երկու շախմատիստ եթե իրար հետ խաղում են, ու մեկը հաղթում է, մյուսը՝ տարվում, այդտեղ հարաբերությունները չպետք է վատանան: Բայց հարցը նա է, որ ես պրոբլեմ չունեմ Ռուբեն Սահակյանի հետ: Ռուբեն Սահակյանն անում է իր աշխատանքը, ու ինքը լավ փաստաբան է: Ես տեսնում եմ, որ աշխատանքի մեջ թերանում է ոչ թե Ռուբեն Սահակյանը, այլ դատախազությունը, աշխատանքի մեջ թերանում է քննչական մարմինը: Ոչ միայն թերանում է, այլև ես նրանց գործողությունները գնահատում եմ արդեն քրեական դաշտում: Ռուբեն Սահակյանը իր աշխատանքն է կատարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Նա տեղեկացրեց, որ բողոքարկել է քննիչի կայացրած երեք որոշումները՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, և այն մասին, որ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանը կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցագործություններ: «Պատասխան դեռ չկա»,- ասաց Հ. Ալումյանը:
Հայկ Ալումյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա համարում: