
Արագածոտնի մարզի 114 համայնքներից գազաֆիկացված է միայն 58-ը

Արագածոտնի մարզի 114 համայնքներից գազաֆիկացված է միայն 58-ը, մյուս 56 համայնքներում կապույտ վառելիքից բնակչությունը չի օգտվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Աշոտ Դավայանը: Նրա փոխանցմամբ` նշված 56 համայնքներից 2-ն էլ հավանաբար մինչև տարվա վերջ կգազաֆիկացվեն, քանի որ բնակիչներից շատերը արդեն դիմել են աբոնեմենտ դառնալու համար: Մարզի 114 համայնքներից միայն 3-ն է քաղաքային:
Բնակլիմայական պայմանների բազմազանությամբ աչքի ընկնող Արագածոտնի մարզում ձմռանը հատկապես տևական ու ցուրտ է լինում Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, որտեղ դեռևս ամառվանից բնակչությունը նախապատրաստվում է ձմռանը՝ կուտակելով ու չորացնելով աթար, վառելափայտ ու այն ամենը, ինչը հնարավոր է այրել:
Մեզ հետ զրույցում բնակիչներից շատերը նշում են, որ թեև օգտվում են կապույտ վառելիքից, սակայն բնակարանները գազով տաքացնել չեն պատրաստվում, հատկապես այս տարի, երբ գազի գինը էապես բարձրացել է: