Վլադիմիր Գասպարյանը` ոստիկանության և հասարակության միջի «սրիկայի» մասին (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 13-ին աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ: Պարզվում է` նա այնտեղ խոսել է ոստիկանի ով լինելու, հասարակության և ոստիկանության միջի «սրիկայի» և «որդի» մասին, որոնք, ըստ նրա` փորձում են ոստիկանի «ճշմարիտ գործը սևացնել»: Նա ոստիկաններին կոչ է արել նաև այլևս հանդուրժող չլինել, քանի որ «այդ ժամանակահատվածն արդեն անցել է»:
«Շնորհակալ եմ, որ չեք հիասթափվել, երբ րբ մեր հասցեին տեղին, անտեղին, երբ մեր այս ճշմարիտ գործը փորձում են սևացնել մի կողմից մեր ներսի սրիկան, մեր ներսի որդը, մյուս կողմից` հասարակության միջի որդը: Սևացնում են ինչ-որ մի քչաքանակ մարդիկ, ովքեր փորձում են թելադրել պետությանը իրենց բարքերը, մտածելակերպը…»,- ոստիկանների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:
Նա նաև հայտարարել է, թե ոստիկանը պետք է հանդուրժող լինի, սակայն, միաժամանակ շեշտել է, թե «պետք չէ անընդհատ հանդուրժող լինել»:
«Երկու տարի շարունակ հանդուրժել ենք ամենատարբեր հանրահավաքներին, երթերին… մասսայական միջոցառումների ժամանակ ոստիկանությունը գտնվել է իր դիրքերում, շատ ավելի հանդուրժող է եղել, շատ ավելի ոչ ադեկվատ է եղել, երբ լկտիանում են: Իսկ ոստիկանությունն այդ լկտիությանը զսպվածությունով է պատասխանել և ես համարում եմ, որ այդ ժամանակահատվածն անցել է»,- հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:
Նա կարգադրել է. «Այլևս ես կարգադրում եմ յուրաքանչյուրիդ. ցանկացած քաղաքացի, երբ ոստիկանի վրա ձեռք է բարձրացնում, երբ ոստիկանին անպատվում է, վիրավորում է, զազրախոսում է ոստիկանի հետ, ոստիկանը պետք է օրենքի սահմանած կարգով պատասխանատվության ենթարկի այդ քաղաքացուն»:
Մանրամասները` տեսանյութում: