Լևոն Տեր-Պետրոսյան. Էլ ի՞նչ գերտերություն, որ ճնշում չբանեցնի
iLur-ի խմբագրությունում շարունակում են հարցեր ստացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 7-ի ելույթի կապակցությամբ։ Ստորեւ հրատարակում ենք այդ հարցերից մի քանիսը եւ Տեր-Պետրոսյանի պատասխանները.
ՄՀԵՐ ՂԱԼԵՉՅԱՆ- Պարոն նախագահ, ի՞նչ կասեք համատարած այն պնդումների մասին, թե իբր Սերժ Սարգսյանը Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ։
– Ես կզարմանայի, եթե Ռուսաստանը ճնշում չբանեցներ։ Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, եւ ինքնըստինքյան հասկանալի է, որ նա առաջնորդվում է գերտերությունների խաղի կանոններով։ Ինձ ցույց տվեք որեւէ գերտերություն, որը ճնշումներ չի բանեցրել եւ այժմ էլ չի բանեցնում։ Էլ ի՞նչ գերտերություն, որ ճնշում չբանեցնի։ Մանավանդ որ, այդպիսի իրավունքով գերտերություններն օժտված են անգամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ։ Ուստի ինչո՞ւ պիտի Ռուսաստանը բացառություն լիներ տվյալ հարցում։ Ի՞նչ է, նա պիտի երաշխավորեր Հայաստանի անվտանգությունը, վերահսկեր Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, տրանսֆերների միջոցով ապահովեր Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը, ու դրա հետ մեկտեղ հանգիստ դիտեր, թե իր թիկունքում ինչպե՞ս է Սերժը Հայաստանը տանում դեպի Եվրոմիություն։
Այս ամենը նշելով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ նախագահ Պուտինն առանձնապես մեծ ճնշում է գործադրել Սերժի վրա։ Դրա կարիքը նա ամենեւին չուներ։ Բավական է միայն, որ նա Սերժին բացատրեր ընդամենը մի քանի հասարակ բան՝ ասելով մոտավորապես հետեւյալը. «Տղա ջան, ուզում ես գնալ դեպի Եվրոմիությո՞ւն։ Գնա՛։ Ձեռքիցդ բռնող չկա։ Միայն թե նկատի ունեցիր այս, այս, այս բաները»։ Իսկ եթե հարցնելու լինեք, թե ինչու այս հասարակ բաները նա հարկ համարեց բացատրել հիմա, եւ ոչ թե Եվրոմիության հետ Հայաստանի սիրախաղի խորանալուց առաջ, ապա ենթադրում եմ, որ Պուտինը մեզնից ավելի լավ կարծիքի է եղել Սերժի մասին՝ մտածելով, որ վերջինս առանց իր բացատրելու էլ այդ ամենը կհասկանա։
Երբ դա տեղի չի ունեցել, նա թողել է, որ Սերժը ոտքով-գլխով ընկղմվի իր արկածախնդրության մեջ եւ չոքեչոք գալով Մոսկվա՝ առավել նվաստացած վիճակում միանա Մաքսային միությանը, որպեսզի հետագայում էլ որեւէ պարտնյորական պարտավորություն չունենա նրա հանդեպ։
Ինչպես 2008թ. վրաց-ռուսական պատերազմի պարագայում, այս անգամ էլ կարող են ասել, որ Ռուսաստանի հակազդեցությունը համարժեք կամ համաչափ չէր։ Գերտերությունների հակազդեցությունը փոքր պետությունների գործողություններին երբեք համարժեք կամ համաչափ չի լինում։ Ինչպե՞ս կարող են գերծանր ու թեթեւագույն քաշի բռնցքամարտիկների հարվածները համարժեք կամ համաչափ լինել։ Եթե նրանք թեկուզ ընդամենը մեկական հարված փոխանակեն, գերծանրի հարվածը կարող է մահացու լինել։ Այստեղ գործում են ոչ թե մաթեմատիկայի, այլ ֆիզիկայի օրենքները։
ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ- Մեծարգո պարոն նախագահ, Ձեր ելույթում Դուք ճիշտ էիք գուշակել, որ Եվրոմիությունը, դեմքը փրկելու խնդիր ունենալով, մեղմ է արձագանքելու Սերժի կտրուկ շրջադարձին՝ չուզենալով Հայաստանի հետ կամուրջներն այրել։ Բայց դրա հետ մեկտեղ, Շտեֆան Ֆյուլեն, չկարողանալով թաքցնել իր հիասթափությունը, մի քանի օր առաջ Երեւանում հայտարարեց, որ թե՛ ինքը, թե՛ Եվրոմիությունը, այլեւս կորցրել են իրենց վստահությունը Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ավելին, նրանք նույնիսկ հատուկ հայտարարությամբ խստորեն դատապարտեցին քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։
– Եթե Եվրոմիությունն ու անձամբ Ֆյուլեն այլեւս կորցրել են իրենց վստահությունը Սերժ Սարգսյանի հանդեպ, ապա դրանով իսկ ակամա խոստովանում են, որ հինգ տարի շարունակ անվերապահորեն վստահել են նրան։ Վստահել են մի մարդու, ով երկիցս իշխանությունը զավթել է համատարած ընտրակեղծարարության, մարտի 1-ի սպանդի եւ հարյուրավոր քաղաքական գործիչների բանտարկության գնով, մի մարդու, ում գլխավորած ավազակախումբը անխնա թալանում է սեփական ժողովրդին՝ նրան մատնելով հետին չքավորության, անասելի տառապանքների ու արտագաղթի։ Այսինքն՝ Եվրոմիությունը, զուտ աշխարհաքաղաքական նկատառումներով, պարզապես աչք է փակել Սերժ Սարգսյանի գործած անհամար հանցանքների վրա։ Ինչ վերաբերում է քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների դատապարտման առթիվ արված հայտարարությանը, ապա այն իսկապես աննախադեպ է, քանի որ ո՛չ ընտրակեղծիքների, ո՛չ մարտի 1-ի սպանդի, ո՛չ էլ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության փաստի առթիվ Եվրոմիությունը երբեւէ այդքան խիստ չի արտահայտվել։
Դա նշանակում է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը եվրոպացիների պարտնյորն էր, այդ ամենը կարելի էր չտեսնելու տալ, իսկ հենց որ դադարեց պարտնյոր լինելուց, նրանց վերաբերմունքն անմիջապես փոխվեց։ Երկակի ստանդարտների կիրառման ավելի պերճախոս ապացույց դժվար է մատնանշել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: