Գյումրիի քաղաքապետարանի շենքի մոտ անհայտ ծագման տաղավար է տեղադրվել
Գյումրիի քաղաքապետարանի շենքի մոտ օրերս կրպակ է տեղադրվել: «Հլը սովետի ժամանակից ենք էստեղ աշխատում: Էն ժամանակ դիմացի մայթին էինք, հիմի էլ` էստեղ»,- ասում է Վարդանանց հրապարակում տեղադրված տաղավարի տերը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է քաղաքի կենտրոնում նման տաղավար տեղադրվել: «Իսկ քաղաքապետարանի մյուս կողմում տեղադրված տաղավարներին ինչի՞ բան չեք ասում, մեր տաղավարին եք կպնում»,- շարունակում է կրպակատերը, որը խուսափեց նշել տաղավարի տիրոջ անունը:
Նշյալ տաղավարի մասին Գյումրիում տարբեր խոսակցությունները են պտտվում: Իսկ տաղավարի հետ կապված խնդիրներն սկսվել էին դեռ վաղուց, երբ Ռիժկովի ճեմափողոցի ծայրի ձախակողմյան հատվածից տաղավարը տեղափոխվեց նախ դիմացի`աջակողմյան հատված, իսկ հիմա էլ` ուղիղ քաղաքապետարանի շենքի մոտ: Այսպիսի բան չես տեսնի ոչ մի քաղաքի կենտրոնական հրապարակում: Քաղաքապետարանը պնդում էր, որ հրապարակում նման տաղավարներ չպետք է լինեն, և որ հետագայում այս տաղավարների հարցը կլուծվի, սակայն որքան դանդաղում է հարցի լուծումը, այնքան տաղավարն «իր ոտքով» մոտենում է քաղաքապետարանի շենքին:
Ոմանց համոզմամբ՝ տաղավարը տեղադրված է ճիշտ այն մասում, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, գրված է, թե քաղաքապետարանի շենքը կառուցվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օժանդակությամբ: Թե որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը` հնարավոր կլինի պարզել միայն այն ժամանակ, երբ տաղավարն այդտեղից էլ տեղափոխվի մեկ այլ վայր: Նույն վիճակն է քաղաքապետարանի շենքի մյուս` Պուշկինի փողոցն ընդգրկող մայթին. մի քանի տաղավար էլ այդտեղ են տեղադրված:
Գյումրի