Հոգեբան-մասնագետը չի կարող փոխարինել հարազատին կամ հարևանին

2010 թվականին ստեղծված «Սատար» հոգեբանական կենտրոնը եզակի է Կոտայքի  մարզում: Աբովյանաբնակ հոգեբանները, ովքեր աշխատում են նաև մայրաքաղաքում, նախաձեռնեցին ոչ առևտրային այս կազմակերպության ստեղծումը, որը 3 տարվա ընթացքում հասցրել է շոշափելի աշխատանքներ ունենալ:

Հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ են աշխատում. «Թրեյնինգներ ենք կազմակերպել կոնֆլիկտների կառավարման, մարդկային, սեռային փոխհարաբերությունների, բարդույթների վերաբերյալ: Հիմնականում աշխատում ենք երեխաների հետ, սակայն ծնողներն էլ են դիմում: Հոգեթերապևտիկ աշխատանքներ չենք անում: Ավելի շուտ հոգեշտկողական, խորհրդակցական աշխատանքով ենք զբաղվում: Կառույցն ունի նաև գիտահետազոտական միտում: Մենք որոշ հետազոտություններ ենք անցկացնում և հրապարակում այդ արդյունքները»,- ասում է Հրաչյա Հովհաննիսյանը:

Կենտրոնն ունի նաև հրատարակած գիրք՝ «Ընտանեկան երջանկություն»: Հեղինակ Նարինե Թովմասյանը 100-ից ավել դեպքերի հիման վրա արված վերլուծություններ է կատարել և հրապարակել մասնագիտական դիտարկումներն ու խորհուրդները:
Զարգացած երկրներում կա այն փորձը, որ մանկական խաղալիքներ արտադրելիս հոգեբանների մասնագիտացած խումբը պարտադիր մասնակցություն է ունենում այդ գործընթացին՝ գույնի, նյութի, ձևի, բովանդակության մշակման առումով: Հոգեբանական կենտրոնն առաջին անգամ Հայաստանում արեց այդ փորձը, և երեխաների համար նախատեսված խճանկարների տուփերում արդեն կարելի է տեսնել հոգեբանների երաշխավորման ամրագրումը: Հոգեբանը հույս հայտնեց, որ այդ մշակույթը կզարգանա նաև Հայաստանում, ինչը շատ կարևոր է:

168.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանում հարևանները, բարեկամները չե՞ն փոխարինում հոգեբանին,  Հրաչյան պատասխանեց. «Փաստ է, որ այդպես է: Մարդիկ լիցքաթափվում են, պատմում են իրենց հուզող խնդիրները, սակայն կա մի կարևոր կետ՝ հոգեբանի ծառայությունը կոնֆիդենցիալ է: Անծանոթ, բայց  մասնագետի հետ խոսելն այլ է: Հարևանը, բարեկամը ինչպե՞ս կարող է սատարել, ճիշտ խորհուրդ տալ: Սա լուրջ պատասխանատվություն է, հոգեբանը հետադարձ կապ է ապահովում, վերահսկողություն է իրականացնում: Հոգեբանները նաև աշխատում են պահպանել փսիխոհիգիենան, այսինքն՝ որ կախվածություն չառաջանա հաճախորդի միջև: Խոսքս իհարկե լուրջ, կայացած հոգեբանների մասին է, ովքեր կարիք չունեն կախվածության հաշվին փող աշխատել: Բացի դրանից՝ եթե մասնագետը չի տեսնում իր աշխատանքի արդյունքը,  ապա աշխատանքը դառնում է անիմաստ, մասնագիտական զարգացում էլ տեղի չի ունենում»:

 

Տեսանյութեր

Լրահոս