Պուտինը ողջունել է Օբամայի քայլերը՝ կապված Սիրիայի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան The New York Times թերթում հրապարակած հոդվածով ուղիղ դիմել է ԱՄՆ-ի ժողովրդին ու ամերիկացի քաղաքական գործիչներին: Դրանում նա շարադրել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը:
Պուտինը ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ երկխոսելը շարունակելու նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը: Պուտինն ընդգծել է, որ եթե իրենց հաջողվի խուսափել Սիրիայի դեմ ուժ կիրառելուց, ապա դա կբարելավի մթնոլորտը միջազգային գործերում և կամրապնդի փոխադարձ վստահությունը, ինչն էլ կլինի ընդհանուր հաջողություն և դուռ կբացի այլ կարևոր խնդիրների շուրջ համագործակցության համար:
Պուտինի կարծիքով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, միջազգային հանրության բոլոր անդամները պարտավոր են օգտվել Սիրիայի կառավարության հայտնած պատրաստությունից՝ կապված սեփական քիմիական զինանոցը միջազգային վերահսկողության տակ դնելու և հետագայում այն ոչնչացնելու հետ:
Պուտինը մանրամասնել է, որ Սիրիային հարված հասցնելը կարող է խաթարել նաև Իրանի միջուկային ծրագրի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բազմակողմ ջանքերը և ապակայունացում առաջացնել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: