Հայաստանյան դպրոցներն իրենց ինտերնետային կայքերը կստեղծեն
Հայաստանյան ոչ բոլոր դպրոցներն ունեն իրենց ինտերնետային կայքը, և սպասվում է, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցում հնարավոր կլինի 10 օր հետո գտնել ԿՏԱԿ-ի ջանքերով ստեղծված դպրոցական կայքերի ձևանմուշը (template), որը հասանելի կլինի բոլոր դպրոցներին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը` նշելով, որ այդ ձևանմուշի միջոցով ինտերնետային կայք ստեղծելը դպրոցների մասանգետներից կամ ինֆորմատիկայի ուսուցիչներից կպահանջի ընդամենը 15-20 րոպե:
«Արդեն բաժանել ենք համապատասխան ուղեցույցները, ձևանմուշներն էլ շուտով կբաժանենք և արդեն բոլորը կարող են անցնել գործի»,- ասաց Ա. Պողոսյանը: Նրա խոսքով` դպրոցների կողմից այդ ծրագրի վերաբերյալ բավականին բարձր հետաքրքրություն է նկատվում, քանի որ բարձրացել է նաև կրթական միջավայրում ինտերնետի օգտագործման մակարդակը` կրթական նպատակներով:
Նշենք, որ ներկայում Հայաստանում գործում են ավելի քան 1400 հանրակրթական դպրոցներ, դրանցից, ըստ Ա. Պողոսյանի՝ ինտերնետային կայք ունեն մոտ 40%-ը: