
Նյու Յորքում քննարկումներ են անցկացվելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ. Հասան Ռոուհանի

Իրանական FARS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում քննարկումներ են անցկացվելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին ուրբաթօրյա աղոթքները ղեկավարող իմամների տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Վերջինս ընդգծել է, որ Նյու Յորքում բանակցություններից հետո քննարկումներ են անցկացվելու Իրանի ու «Վեցյակի» միջև, որոնց անցկացման ժամկետն ու վայրը կհրապարակվեն ավելի ուշ:
Ռոուհանին կարևորել է բոլոր դժվարությունները հետևում թողնելը, ինչպես նաև ճիշտ գործողություններ ձեռնարկելը: Նա հավելել է, որ Իրանը ոչ մի հետքայլ չի կատարի՝ կապված միջուկային ծաղաղ ծրագիր իրագործելու Իրանի ժողովրդի իրավունքի հետ:
Ակնկալվում է, որ Ռոուհանին Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի վերջին, ուր և կմասնակցի ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին, որի շրջանակներում էլ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպում կունենան ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ: