Բաժիններ՝

Մհեր Բաղդասարյան. «Հուզվեցի Դիսնեյլենդում: Հասկացա, որ մենք մանկություն չենք ունեցել» (լուսանկարներ)

«Փոփ հանրագիտարան» հաղորդման հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը վերջերս են Միացյալ նահանգներից վերադարձել: 168.am-ը զրուցել է հաղորդման հեղինակ Մհերի հետ` պարզելու, թե ի՞նչ տպավորություններով և նորություններով են հաղորդավարները հայրենիք վերադարձել:

– Մհեր, որքա՞ն ժամանակ է, որ ԱՄՆ-ում էիք: Անձնակա՞ն, թե՞ գործնական նպատակով էիք այնտեղ մեկնել:

– ԱՄՆ-ում մի ամիս մնացի: Մեկնել էի պարզապես հանգստանալու համար: Եվրոպայում արդեն մի քանի անգամ հասցրել էի լինել՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում և այլն, բայց ԱՄՆ-ում երբեք չէի եղել: Քանի որ ԱՄՆ-ում նույն ժամանակահատվածում նաև գործընկերուհիս էր՝ Արփինե Գաբրիելյանը, մենք Փոփ-ի նոր եթերաշրջանի համար մի քանի թողարկում նկարահանեցինք: «Փոփ հանրագիտարանը» ժամանակ առ ժամանակ անդրադառնում է ԱՄՆ-ում բնակվող արտիստների ճակատագրին: Այդ թողարկումները չափազանց զգացմունքային են ստացվում և հետաքրքրում են մեր լսարանին:

– Առաջին անգամ էիք ԱՄՆ-ում: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

Կարդացեք նաև

-Նախկինում երբեք Միացյալ նահանգներն ինձ չէր հետաքրքրել: Երբեք ջանք չեմ գործադրել այդ երկիր մեկնելու համար: Առաջին երկու օրերին տպավորություններս չափազանց հակասական էին: Անգամ ֆեյսբուքյան իմ էջում գրառում էի արել, որ ապրելու տեղ չի: Ինձ զարմացնում էին ԱՄՆ-ում բնակվող հայերից շատերի մտածելակերպը, հայրենասիրական պաթոսը ու միաժամանակ խնդիրներին հեռվից գնահատականներ տալու երևույթը: Հետո արդեն տեսա իսկական Ամերիկան, եղա Մալիբույում, Վենիսում, Հոլիվուդում, Փասադենայում և էլի շատ վայրերում, որոնք չափազանց տպավորվեցին: Ես եվրոպական մշակույթից չափազանց շատ եմ ոգեշնչվում ու պետք է որ ԱՄՆ-ն ինձ չհետաքրքրի: Բայց պետք է հասկանալ, որ այստեղ էլ կան առանձնահատկություններ, որոնք իրոք գայթակղիչ են:

Mher6

– Կառանձնացնե՞ք՝ ի՞նչն է  դուր են եկել և ի՞նչը՝ ոչ:

– Ինձ դուր չեկավ առաջին հերթին քաղաքային կուլտուրայի բացակայությունը: Ամեն ինչ հաշվարկած, պլանավորած ու քո փոխարեն որոշված է: Մարդիկ չեն զգում այն տարածքը, որտեղ ապրում են, նրանք կապված չեն իրենց քաղաքի հետ: Գրեթե չեն քայլում: Դուր եկավ Հոլիվուդը: Այստեղ ամեն ինչ «քաղաքային» էր՝ գողություններ, աղմուկ, աղբ, շարժում: Միաժամանակ այդ ամենը գոնե «իսկական» էր: Պարզ է՝ ամենաշատը տպավորվեցի «Յունիվերսալ» ստուդիայից, որտեղ տեսա իմ սիրած ֆիլմերի տաղավարներն ու ծանոթացա նկարահանման հրապարակներին: Հուզվեցի Դիսնեյլենդում: Հասկացա, որ մենք մանկություն չենք ունեցել:

– Տեղյակ եմ, որ մասնակցել եք AZATURE ապրանքանիշի զարդերի գովազդի ֆոտոսեսիային: Կմանրամասնե՞ք:

– AZATURE բրենդը, որի հիմնադիրը ԱՄՆ-ում ծնված մեր հայրենակից Ազատուր Պողոսյանն է, համագործակցում է գերաստղերի հետ՝ Բիոնսեի, Քիմ Քարդաշյանի, Ֆերջիի, Ռիհաննայի, և այլն: Մենք միասին ստեղծեցինք ֆոտոշարք Մալիբույում, որի ընթացքում ես ու Արփինեն ներկայացրեցինք նրա զարդերը: Ազատուրին ես մի քանի անգամ անդրադարձել եմ տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ ևս հարցազրույց եմ ունեցել: Ֆոտոշարքը նրա ինտերնետային PR արշավի համար է: Ֆոտոշարքի ընթացքում Ազատուրը 2 միլիոն դոլար արժողությամբ զարդեր էր բերել, այդ թվում՝ հանրահայտ սև ադամանդը:

– Իսկ ի՞նչ նորություններ կան «Փոփ հանրագիտարան» հաղորդումից: Առաջիկայում ո՞ւմ եք պատրաստվում անդրադառնալ ու արդյոք հաղորդման շրջանակում նորամուծություններ կլինեն:

– Այս կիրակի մենք սկսում ենք մեր նոր եթերաշրջանը: Այս եթերաշրջանում մենք կենտրոնանում ենք ոչ թե թեմատիկ անդրադարձերի վրա, այլ օպերատիվ ու սուր հարցազրույցներ ենք ներկայացնելու: Այլ նորամուծություններ հավանաբար չեն լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս