Հայկ Ալումյան. Շատ կտրուկ քայլեր կլինեն, բայց ես այնուամենայնիվ հուսով եմ, որ սա սովորական թյուրիմացություն է
Ինչպես հայտնի է, ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը որոշում է կայացրել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելու մասին: 168.am-ի հետ զրույցում գործով մյուս մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իրեն այդ որոշման մասին ոչինչ չի ասվել:
«Այդ որոշման մասին ես իմանում եմ լրատվամիջոցներից, և ես հուսով եմ, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է: Եթե կհաստատվի, որ իրոք այդպիսի անհեթեթ և իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող որոշում է կայացվել, ապա, իհարկե, ես դա կբողաքարկեմ, և իհարկե շատ լուրջ հնչեղություն կտանք ու բոլոր միջազգային ատյաններով, բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններով շատ լուրջ, շատ զանգվածային, շատ մեծ միջոցառումներ կլինեն իրազեկման առումով բոլոր միջազգային կառույցներին, բոլոր հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Մեր կողմից ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում: Շատ կտրուկ քայլեր կլինեն: Բայց ես այնուամենայնիվ հուսով եմ, որ սա սովորական թյուրիմացություն է, և հուսով եմ՝ այդ թյուրիմացությունը շուտով կպարզվի, որովհետև նորից կրկնեմ՝ ինձ ոչ ոք այդ մասին պաշտոնապես չի տեղեկացրել, առաջին անգամ ես դա լսել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից»,- ասաց Հայկ Ալումյանը: Միևնույն ժամանակ Հ. Ալումյանն ասաց, որ ինքը տեղեկատվություն չունի. «Քննիչը հրաժարվում է ինձ հետ մտնել խոսակցության մեջ»: