Գուրգեն Մարգարյանի հոր՝ Արտուշ Մարգարյանի վիճակը ծանր է
Գուրգեն Մարգարյանի հոր՝ Արտուշ Մարգարյանի վիճակը ծանր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրան վիրահատո բժիշկը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը: «Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո: Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,- ասաց վիրաբույժը: Մեր հարցին՝ արդյոք դրանք հետվիրահատական բարդություննե՞ր են, վիրաբույժը պատասխանեց. «Անմիջապես որպես հետվիրահատական բարդություն դիտարկելը սխալ կլինի, բայց ինքը՝ տրավման, վնասվածքները, վիրահատությունը տվյալ տարիքում կարող են հանգեցնել այդ կարգի բարդությունների: Դա ոչ թե անմիջապես դանակի վնասվածի հետևանք է, այլ իր ընդհնանուր վիճակի»:
Հիշեցնենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվել էր երեկ վաղ առավոտյան: Նա ինքնասպանության փորձ էր կատարել: Երեկ նրան վիրահատած բժիշկ Արայիկ Ոսկանյանը հայտնել էր, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է կյանքին վտանգ սպառնացող 4 վնասվածք: Ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ Արտուշ Մարգարյանի կինը դեպքի առիթով բացատրություն տալիս հայտնել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև: «2013-ի սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու: Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է, և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են»- նշված էր դատախազության հաղորդագրության մեջ: