Ազատամարտիկներն այսօր Կապանում նստացույց են սկսել
Մի խումբ ազատամարտիկներ այսօր նստացույց են սկսել Կապան քաղաքի Լեռնագործ հյուրանոցի դիմաց: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցի մասնակիցների թիվն այս պահին հասնում է 20-ի, ևս 10 ազաարամտիկներ, նրա խոսքով, պարբերաբար միանում են ակցիային: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ պահանջը կրկին ազատամարտիկների սոցիալական խնդիրներին լուծում տալն է: Ինչպես հայտնի է, ազատամարտիկները պահանջում են օրենք մշակել «Ազատամարտիկների մասին», որտեղ կարձանագրվի ազատամարտիկների թոշակի կրկնակի բարձացում, բուժծառայությունների անվճար մատուցում, կոմունալ ծառայությունների գների իջեցում 50 տոկոսով, բարձրագույն ուսումանական հաստատություններում ազատարամտիկների երեխաների համար անվճար ուսման հնարավորություն:
168.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը մի առիթով ասել էր, որ Վարդենիս քաղաքում իրականացվող նստացույցի ընթացքում ազատամարտիկներից ոմանց զանգահարել էին «որոշ մարդիկ» և և ասել, որ վերջիններս չշարունակեն բողոքի իրենց ակցիաները:
Ազատամարտիկից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ընթացքում նստացույցի մասնակիցները նման զանգեր ստացե՞լ են: «Ոչ, Վանաձորից հետո նման դեպք չի եղել: Ոչ ոք չի զանգահարել, չեն ասել, որ նստացույց չանենք կամ որևէ բան. երևի գիտեն արդեն, սովորել են, որ մենք ինչ ասում ենք, անում ենք»,- ի պատասխան ասաց Վ. Ավետիսյանը:
Վոլոդյա Ավետիսյանից հետաքրքրվեցինք նաև, արդյոք այս ընթացում նրանք պայքարի արդյունքում տեսանելի արդյունքների հասե՞լ են, թե՞ ոչ: Նա նշեց, որ պայքարի արդյունքում ազատամարտիկներն արդյունքի հասել են միայն մեկ հարցում. «Ինչ-որ չափի եղած բժշկական օգնությունները որ կան, նախկինում վերբերմունք չկար: Երեք ամիս առաջ ոչ մի վերաբերմունք չկար: Մեր պայքարի ընթացքում արդեն վերաբերմունք կա: Բուժհաստատություններում, ուր գնում են ազատամարտիկները, արդեն սկսել են մարդավար վերաբերվել, իրենց պարտականությունները կատարել, ինչպես պետք է լինի: Վերջերս եմ խոսել տղաներից մեկի հետ, մեկ շաբաթ հոսպիտալացված էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ասաց, որ խնդիր չի եղել, ինչ դեղեր գրել են, անալիզները տվել են, վերաբերմունքը նորմալ է, գոհ են: Ասաց, որ նախկինում էլ է պառկած եղել, սակայն այսպիսի վերաբերմունք չի եղել: Փոփոխության կա վերաբերմունքի հետ կապված: Իսկ մյուս պահանջների մասով տեսանելի ոչինչ չկա, որովհետև մեր հիմնական և գերագույն պահանջը «Ազատամարտիկի մասին» օրենք ընդունելն է և ֆինանսական վիճակը լավացնելը»:
Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում պետական պաշտոնյաների հետ. մի քանի օր առաջ ազատամարտիկները հանդիպել են աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ. «Քննարկել ենք նորից մեր հարցերը: Դե մենք հասկանում ենք, որ ժամանակ շահելու խնդիր է կառավարության կողմից, չգիտեմ՝ ինչ է, ինչ են իրենք մտածում: Մենք էլ ինչքան կարողանանք մեր հասկանալով պետք է պայքարենք»: Ազատամարտիկը, սակայն, նշեց, որ փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում միայ քննարկվել են իրենց խնդիրներն ու պահանջները, սակայն շոշափելի որևէ արդյունք հանդիպումը չի տվել: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ մինչև սեպտեմբերի 11-ը 10 ազատամարտիկներ հանդիպելու «ազատամարտիկների գերատեսչական մարմիններ ներկայացուցիչների հետ» և քննարկելու իրենց անելիքները:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի