Բաժիններ՝

Թքել է մոր դեմքին, ոտքով հարվածներ հասցրել անկողնում պառկած մոր կրծքավանդակին, մեջքին, քաշել – գցել է հատակին…

Դատարանը հիմնավորված է համարել մորն ու տատիկին խոշտանգելու համար Գրիգորյան ամուսիններին առաջադրված մեղադրանքը և դատապարտել։ Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆոն» ,տարեց կանանց նկատմամբ որդին և հարսը ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել, այլ նաև բարոյահոգեբանական՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը։

Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները 2009 թվականից մինչև 2011թվականի դեկտեմբեր ամիսը վարձակալական հիմունքներով բնակվել են Երևան քաղաքի տարբեր թաղամասերում, սակայն 2011թվականի դեկտեմբերի 26–ից տեղափոխվել և մանկահասակ երեխայի հետ միասին բնակություն հաստատել ամուսնու հայրական տանը, որտեղ բնակվում էր մայրը՝ Թագուհի Գրիգորյանը, զառամյալ մոր՝Նազիկ Կարապետյանի հետ: Համատեղ բնակության ընթացքում, ամբաստանյալներ Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները կենցաղային և տան հետ կապված հարցերով, ամիսներ շարունակ մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել, խոշտանգել են Թագուհի Գրիգորյանին, մարմնական վնասվածքներ պատճառել տատիկին։

Վեճերը հիմնականում առաջացել են բնակարանի կոմունալ ծախսերը հոգալու և այլ կենցաղային հարցերի շուրջ, որոնց արդյունքում ձևավորվել են լարված փոխհարաբերություններ:

Ըստ դատավճռի, 2012թվականի փետրվարի 1–ին՝ ժամը 18–ի սահմաններում, հերթական վիճաբանության ժամանակ ամբաստանյալ Գ.Գրիգորյանը խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել մոր հասցեին, ձեռքերով հարվածել նրա դեմքին, ձեռքերին և մարմնի այլ հատվածներին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, ինչի մասին փետրվարի 6-ին ծեծված մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Հաջորդ իսկ օրը տեղի է ունեցել հերթական վեճը, որի ընթացքում որդին  թքել է մոր դեմքին, բռունցքով հարվածել քթին և մի քանի անգամ ապտակել:

Բռնությունը կիրառվել է նաեւ փետրվարի 8–ին.ամբաստանյալ Գ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ կրկին վիճաբանել է մոր հետ, քաշքշել նրան, ինչը չհանդուրժելով վիճաբանությանը միջամտել է 82-ամյա տատը՝ Նազիկ Կարապետյանը, որի դեմքին եւս Գրիգորյանը դիտավորյալ ձեռքով հարվածել է, ապա հրել – գցել է հատակին:

Շարունակելով տան կենցաղային հարցերի հետ կապված վեճերը՝ Գրիգորյան ամուսինները 2012թվականի փետրվարի 10–ի երեկոյան փակել են բնակարանի դուռը` Թագուհի Գրիգորյանին զրկելով բնակարանում ազատ մուտք և ելք կատարելու հնարավորությունից, այնուհետև վեճի բռնվել նրա հետ, խուլիգանական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին, թքել դեմքին ու մարմնի, գցել են հատակին` պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանքներ:

Ըստ տուժողների, վիճաբանությունն ու բռնությունները եղել են օրվա բաղկացուցիչ մասը ու կրել պարբերական բնույթ։ Ի վերջո, 2012թվականի փետրվարի 29–ին ժամը 18–ի սահմաններում, ամբաստանյալ Գ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ այս անգամ վիճաբանել Է իր 82 տարեկան տատու, գործով մյուս տուժող Նազիկ Կարապետյանի հետ, որի ընթացքում մի քանի անգամ դիտավորությամբ բռունցքով հարվածել Է վերջինիս ուսերին և գլխին` նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Ստացված վնասվածքներից 2012 թվականի մարտի 3–ին, տուժող Ն.Կարապետյանի առողջական վիճակը սկսել Է վատթարանալ և տուժող Թ.Գրիգորյանը իր մորը տեղափոխել է Էրեբունի  բժշկական կենտրոն, որտեղ վերջինս 17 օր գտնվել Է ստացիոնար բուժման մեջ: 2012թվականի ապրիլի 18–ին, ամբաստանյալ Ս.Գրիգորյանն ամուսնու ներկայությամբ անհիմն վիճաբանել է իր սկեսուրի, Թագուհի Գրիգորյանի հետ՝ նրան անվանարկել, վիրավորել, քաշել մազերից եւ այսպես օրերը հաջորդել են մեկը մյուսին: Բռնություններից հոգնած կինն ի վերջո դիմել է ոստիկանության օգնությանը՝ նրանց բնակարանից վտարելու համար, ինչը նոր առիթ է դարձել բռնությունների։

Կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս