
Իրանն ու Թուրքիան պետք է համատեղ կործանեն տարածաշրջանի դեմ ուղղված դավերը. իրանցի դեսպան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Իրանի դեսպան Ալի Ռըզա Բիգդելին մեկնաբանել է Սիրիայի դեմ հնարավոր ռազմական միջամտություն իրականացնելու հարցը: Դեսպանն անհրաժեշտ է համարել, որ Իրանն ու Թուրքիան կարողանան համատեղ գտնել տարածաշրջանի խնդիրների լուծման ուղին և գործեն այդ ուղղությամբ:
Բիգդելին ընդգծել է, որ Իրանն ու Թուրքիան պետք է համատեղ կործանեն տարածաշրջանի դեմ ուղղված դավերը: Դեսպանը հանցանք է համարել քիմիական զենք կիրառումը՝ ընդգծելով, որ այդ հարցում ԱՄՆ-ն ու արևմտյան մի շարք երկրներ հոգեբանական պատերազմ են մղում Սիրիայի դեմ՝ փորձելով հասնել ռազմական միջամտության, ինչը մտնում է նրանց շահերի մեջ:
Հիշեցնելով, 2003 թվականին Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը՝ դեսպանը հայտարարել է, որ ռազմական միջամտությունը (Սիրիայում) չի կարող հանդիսանալ խնդրի լուծում: