Բաժիններ՝

Թուրքիայում Հաղթանակի ու Զինված ուժերի տոնի ընդունելությունն առաջին անգամ կազմակերպվել է նախագահական նստավայրում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ը Թուրքիայում նշում են որպես Հաղթանակի (1922) և Զինված ուժերի օր: Դրա հետ կապված ընդունելությունն առաջին անգամ կազմակերպվել է «Չանքայա» նախագահական նստավայրում՝ նախագահ Աբդուլլահ Գյուլի հյուրընկալությամբ:

Տոնակատարությունները մեկնարկել են Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան այցելությամբ: Դրան մասնակցել են նախագահ Աբդուլլահ Գյուլը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Սերրուհ Քալելին, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին, փոխվարչապետներ և այլք:

Գյուլը մեխակներ է դրել Աթաթուրքի դամբարանին, ինչից հետո մեկնել է իր նստավայր՝ ընդունելու համար այսօրվա տոնի հետ կապված շնորհավորանքներ: Նախագահական նստավայր չեն մեկնել ընդդիմադիր կուսակցապետները: Նախագահական նստավայրում տոնակատարությանը հրավիրվել է 1600 մարդ:

Հիշեցնենք, որ 1922 թվականի օգոստոսի 26-30-ին Դումլուփընարի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին հաջողվել է հաղթել հունական զորքերին: Օգոստոսի 30-ը պաշտոնապես Հաղթանակի տոն է ճանաչվել 1935 թվականի մայիսին:

Ի դեպ, Թուրքիայում աննախադեպ իրադարձություն էր գրանցվել 2011 թվականի օգոստոսի 30-ին` Հաղթանակի (միաժամանակ նաև Թուրքիայի զինված ուժերի) տոնման ժամանակ: Առաջին անգամ այն ընդունել էր ոչ թե Գլխավոր շտաբի պետը, այլ` երկրի նախագահը։ Նախկինում այդ տոնը նշվել է Գլխավոր շտաբի՝ հյուրերի համար նախատեսված դահլիճում, և այն ավանդաբար ընդունել է «տանտերը»՝ Գլխավոր շտաբի պետը։

Մինչդեռ այս դեպքում Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ դա ընդունել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»։ Հենց նա է կանգնել Թուրքիայի երկու դրոշների մեջտեղում` ընդունելով Հաղթանակի տոնին առնչվող նախարարների ու բարձրաստիճան զինվորականների շնորհավորանքները: Դրանով իսկ Աբդուլլահ Գյուլը դարձել է Թուրքիայի պատմության մեջ առաջին «գերագույն գլխավոր հրամանատարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս