ԱՄՆ հատուկ ծառայությունների 736 աշխատակից հավելավճար է ստանում ռուսերենի իմացության համար. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ավելի քան 700 աշխատակիցներ, աշխատավարձից բացի, ստանում են հավելավճարներ՝ ռուսերենի իմացության համար: Այս մասին նշված է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերում:
Ամերիկացի հետախույզների համար առաջնահերթ օտար լեզուների թվում են ընդգրկվել իսպաներենը, ֆրանսերենը, չինարենը, արաբերենը, ռուսերենը, գերմաներենը, կորեերենը, ֆարսին և պորտուգալերենը: Գաղտնազերված փաստաթղթերի համաձայն, ամերիկյան հետախուզության 2725 աշխատակիցներ հավելավճարներ են ստանում իսպաներենի, իսկ 736-ը՝ ռուսերենի իմացության համար:
2013 թվականի բյուջետային ծախսերում ընդգրկված են հատուկ ծառայությունների՝ ներառյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ավելի քան 10.000 աշխատակիցների հավելավճարները:
Թերթի տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության համար առաջնահերթ երկրներ են համարվում Չինաստանը, Ռուսաստանը, Կուբան ու Իսրայելը: