
Սպիտակ տունը Կոնգրեսին անվիճելի ապացույցներ է ներկայացրել քիմիական զենքի կիրառման հարցում Դամասկոսի պատասխանատվության մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ անվիճելի ապացույցներ ունի, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը համաձայնեցված է եղել պաշտոնական Դամասկոսի հետ:
Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էլիոտ Անջելան: Վերջինիս խոսքերով՝ Դամասկոսի պատասխանատվության մասին են վկայում ամերիկյան հետախուզության ձեռք բերած սիրիացի բարձրաստիճան չինովնիկների հաղորդագրությունները:
Այդ պաշտոնատար անձանց անունները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ քիմիական զենքի կիրառման օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահադ Ջասիմ ալ-Ֆրեյջի և քիմիական զորքերի ղեկավարի միջև:
Բացի այդ, Կոնգրեսին հայտնել են, որ օգոստոսի 21-ի այդ հարձակումից առաջ Դամասկոսի մերձակայքում գրանցվել է կառավարական զորքերի տեղաշարժ, ինչը վկայել է ինչ-որ լուրջ բանի (քիմիական զենքի նման) նախապատրաստության մասին:
Բացի այդ, հայտարարվել է, որ Բարաք Օբաման դեռ վերջնական որոշում չի կայացրել Սիրիայի վերաբերյալ: