
Բաքվի Վերաքննիչ դատարանը Իբրահիմբեկովի բողոքը կքննի վաղը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանը օգոստոսի 30-ին դիտարկելու է ԿԸՀ-ի դեմ Ռուստամ Իբրահիմբեկովի բողոքը: Այս մասին գործակալությանը հայտնել է Իբրահիմբեկովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
Իբրահիմբեկովը պահանջում է չեղյալ հայտարարել իր թեկնածությունը չգրանցելու մասին ԿԸՀ-ի կայացրած որոշումը: ԿԸՀ-ն Իբրահիմբեկովի թեկնածությունը չէր հաստատել նրա ռուսական քաղաքացիության պատճառով: Սակայն Իբրահիմբեկովը կարծում է, որ դա չի կարող հիմք հանդիսանալ՝ իր թեկնածությունը չհաստատելու համար:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ԿԸՀ-ն Իբրահիմբեկովի թեկնածությունը մերժել է նաև նրա համար, որ վերջին 10 տարվա ընթացքում Իբրահիմբեկովն Ադրբեջանում է գտնվել ընդամենը 1163 օր: