
Նոր վիրուսից տուժել է Facebook-ի 800.000 օգտատեր

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ համացանցում տարածվել է նոր վիրուս, որը հանդես է գալիս, իբրև թե, Facebook սոցցանցի ընկերների կողմից ուղարկվող տեսանյութի տեսքով: Տվյալ սոցցանցում վնասակար ծրագրից արդեն իսկ տուժել է ավելի քան 800.000 մարդ
Օգտատերը, էլեկտրոնային փոստով ստանալով իբրև թե իր Facebook-յան ընկերներից մեկից ստացված տեսանյութի հղումը, բացում է դա, ուր և նրան առաջարկում են տեսանյութը դիտելու համար բեռնել ծրագիր, ինչն իրականում այդ վնասաբեր հավելվածն է: Վիրուսը նախատեսված է Google Chrome-ից օգտվողների համար:
Հայտնվելով համակարգչում՝ վիրուսը սկսում է հավաքել գաղտնի տեղեկատվություն՝ ներառյալ գաղտնաբառերը: Մասնագետներն ընդգծում են, որ վնասաբեր ծրագիրը հագեցած է նաև ինքնապաշտպանական մեխանիզմով, որն արգելափակում է հակավիրուսներով կայքերին անցում կատարելու փորձերը: