
Թոշակների համար դիմել ամսի 3-ից հետո

Կենսաթոշակներն այսուհետ վճարվելու են յուրաքանչյուր ամսվա աշխատանքային երրորդ օրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կենսաթոշակառուները օգոստոսի թոշակը կարող են ստանալ սեպտեմբերի 4-ին և ամսվա առաջին ու երկրորդ օրերը զուր չգնան թոշակ ստանալու:
Այս տարվա հունիսից կենսաթոշակների վճարման նոր էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո դեռ ճշգրտման կարիք կա 200 կենսաթոշակառուի տվյալների մասով:
«Նոր տեղեկատվական շտեմարանը թույլ է տալիս առավել օպերատիվ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, միակ խնդիրը ցուցակների ճշտումն է»,- ասաց նախարարը:
Ի դեպ՝ միայն օգոստոսին Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի կողմից մի քանի կարգապահական տույժ է կիրառվել՝ 2 զգուշացում, 9 խիստ զգուշացում և 9 աշխատակից ազատվել է աշխատանքից՝ թույլ տված թերացումների համար: