Իրանի համար նախատեսված С-300 զենիթա-հրթիռային համալիրներն այլևս գոյություն չունեն. ռուսական կողմ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանին մատակարարելու համար նախատեսված С-300 զենիթա-հրթիռային համալիրները ներկայումս ապակոմպլեկտավորված են: Այս մասին հայտարարել է «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշչիկովը.
«Իրանի համար նախատեսված տեխնիկան արդեն իսկ գոյություն չունի: Մենք ամբողջովին քանդել ենք այն: Առանձին տարրեր հնարավորության դեպքում օգտագործել ենք: Սա բացարձակապես հավաստի տեղեկատվություն է:
Յուրաքանչյուր արտադրանք արտադրվում է կոնկրետ պայմանագրի պահանջներով, և չի կարող ուղղվել մեկ այլ պատվիրատուի: Այստեղ տարբեր են և՛ կոմպլեկտի կազմը, և՛ հատուկ պահանջները, և՛ ծրագրային ապահովումը»:
Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:
Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:
Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել: