
Օրենքս օրենքիդ վնաս է. Հասարակության շրջանում լայն արձագանք ստացած «գենդերային» օրենքը կքննարկվի կառավարությունում

Վերջին շրջանում հասարակության շրջանում հուզումների տեղիք տված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի հարցն արժանացել է նաև կառավարության ուշադրությանը: Վաղը այն քննարկվելու է գործադիրի նստում:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է փոփոխություններ կատարել օրենքում՝ դրա տարընթերցումներից խուսափելու համար: Մասնավորապես, առաջարկվում է մի քանի ենթակետերի ուժը կորցրած ճանաչել և «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:
ՀՀ կառավարությունը կիսում է նախագծի հեղինակի մտահոգությունը գործող օրենքով սահմանված եզրույթի տարընթերցումների վերաբերյալ և համամիտ է դրա հստակեցման նպատակադրմանը: Սակայն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, ներկայացված օրենքի նախագիծն ամբողջական չի լուծում օրենքի շուրջ հանրային արձագանքներում հնչած խնդիրները ու չի փարատում կասկածները:
Ընդ որում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նույն օրենքում փոփոխություններիր տարբերակը, որն արդեն իսկ արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
Նկատենք, որ Աժ-ն այս օրենքն ընդունել է բոլորովին վերջերս՝ այս տարվա մայիսի 20-ին, և փաստորեն թե´ գործադիրի, թե օրենսդիրի ներկայացուցիչները համաձայն են, որ այն կարիք ունի փոփոխման: