Կիվիրյանի հարցաքննությունը հետաձգվել է

Արգիշտի Կիվիրյանի հարցաքնությունն այսօր տեղի չի ունենալու, այն տեղի է ունենալու ուրբաթ օրը, ժամը 12:00-ին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Արգիշտի Կիվիրյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, թե պետությունը պարտավոր է իր հարցաննության համար պատշաճ պայմաններ ապահովել:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ երկու անգամ Ա. Կիվիրյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա. «Ծանուցագրում, որ մեզ այսօր տվեցին, ուրբաթ օրը ներկայանալու մասին, նշված չէ, թե նա ինչ կարգավիճակով է հրավիրվում»:

Լ. Սահակյանն ասաց, որ Արգիշտի Կիվիրյանն արդեն իսկ տուժողի կարգավիճակ պիտի ունենար, մինչդեռ այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել հաղորդում ներկայացրած ոստիկանը: Լուսինե Սահակյանն ասաց նաև, որ իրենք քիչ առաջ ստացել են դատաբժշկին ներկայանալու ուղեգիր. Ա. Կիվիրյանը կներկայանա վաղը:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ ՀՔԾ-ում քննարկել են Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությանը մեծ թվով փաստաբանների մասնակցության հարցը: Նրա խոսքով՝ քննարկում է ծավալվել քրեական դատավարության օրենսգրքի ձևակերպումների շուրջ: Լրագրողների հարցին՝ արդյոք ՀՔԾ-ն դե՞մ է մեծ թվով փաստաբանների մասնակցությանը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Տեխնիկապես քանի որ դժվար բան է՝ դեմ է: Բայց մենք չենք ժխտում, որ սա մեր կողմից իրականացվող ակցիա է: Հիմա ձեզ դրեք քննիչի տեղը: Ինչպիսի՞ վիճակում կլինեիք դուք, եթե ձեր կաբինետն ընդամենը 12 քառակուսի մետր է, բայց ուզում են գալ այնքան մարդիկ, որոնք կարող են զբաղեցնել մոտավորապես  300 քառակուսի մետր տարածություն, այսինքն՝ պալատի բոլոր փաստաբանները: Չեմ կասկածում, որ բոլորը կմիանան այս գործընթացին»:

Տեսանյութեր

Լրահոս