Իրանն ընդլայնել է իր միջուկային հնարավորությունները, սակայն չի հատել «կարմիր գիծը». ԱԷՄԳ-ի զեկույց
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Նաթանզում տեղադրել է հավելյալ 1861 ցենտրիֆուգ՝ ուրան հարստացնելու համար: Դրանով իսկ ցենտրիֆուգների ընդհանուր քանակը հասցվել է 15.416-ի: Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի զեկույցում:
Բացի այդ, ներկա դրությամբ Նաթանզում արդեն իսկ տեղադրվել է 1008 արդիկանացված IR-2M ցենտրիֆուգ: ԱԷՄԳ-ի մայիսյան զեկույցում խոսք էր գնում նոր սերնդի 700 ցենտրիֆուգի տեղակայման մասին: Դրանցից ոչ մեկն էլ դեռ չի շահագործվել, իրանցի մասնագետները դեռ պատրաստվում են դրանց փորձարկմանը:
Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում Իրանում մինչև 20 տոկոս հարստացված ուրանի ծավալը մայիսյան 324 կիլոգրամից հասցվել է մինչև 372.5 կիլոգրամի:
ԱԷՄԳ-ն ընդգծել է, որ Իրանն արդեն իսկ սկսել է Արակի IR-40 ծանր ջրով աշխատող հետազոտական ռեակտորի համար վառելիք արտադրելը: Ընդ որում, այդ ռեակտորը պլանավորված էր շահագործման հանձնել 2014 թվականի առաջին եռամսյակին, սակայն այդ ժամկետը հետաձգվել է:
Զեկույցում ընդգծվում է, որ չնայած իր հզորությունների մեծացմանը՝ Իրանը չի հատել Իսրայելի սահմանած «կարմիր գիծը»՝ կապված բարձր հարստացված ուրանի ծավալի հետ: Իրանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ երկրին անհրաժեշտ է 50.000 ցենտրիֆուգ՝ ապահովելու համար ապագա ատոմակայանների տարեկան վառելիքը:
Հիշեցնենք, որ Իրանի ու ԱԷՄԳ-ի բանակցությունները վերսկսվելու են սեպտեմբերի 27-ին: