Արգիշտի Կիվիրյան. Ավելի քան 30 փաստաբաններ ցանկություն են հայտնել մասնակցել իմ հարցաննությանը ՀՔԾ-ում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: Այժմ Արգիշտի Կիվիրյանը, մի խումբ փաստաբաններ և ակտիվիստեր ՀՔԾ-ի շենքի առջև են: Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել են հարցաքննության՝ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ ոստիկանի հաղորդման հիման վրա դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ՝ ավելի քան 30 փաստաբաններ ցանկություն են հայտնել մասնակցել իր հարցաննությանը և ՀՔԾ-ում այժմ փորձում են պայմաններ ստեղծել դրա համար: Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանը Փաստաբանների պալատի անդամ է:
168.am-ի հարցին՝ արդյոք եղե՞լ է դատաբժշկի մոտ, նա պատասխանեց. «Ես այսօր եղել եմ, բայց որևէ գործողություն չի կատարվել հետևյալ պատճառով. մինչ օրս ինձ չի տրվում դատաբժշկական ուղեգիր: Այսօր ՀՔԾ-ում իմ փաստաբաններին ասել էին, որ ուղեգիրն ուղարկված է դատաբժշկական կենտրոն: Ես ներկայացել եմ այնտեղ ժամը 3-4-ի սահմաններում, ինձ հայտնել են, որ որևէ ուղեգիր չկա, այսինքն՝ այս անգամ նույնպես ամեն ինչ արվում է, որ օրերն անցնեն, վնավածքները բուժեն, այսինքն՝ պատշաճ չի ապահովվում դա: Ուղեգիր անձին տալիս են անհապաղ»: Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Ա. Կիվիրյանն ասաց, որ փորձում է կազդուրվել: