Բաժիններ՝

Երթուղիները մնում են առանց վարորդների

«Մեծ ընտանիք ունեմ, երեխաներ, 60-70 հազար դրամ աշխատավարձով ես ինպե՞ս պահեմ նրանց, չէ՞ որ այսօր կյանքը թանկացել է»,- ժամանակավորապես ուղեվարձի կասեցման որոշման մասին խոսելիս՝ մեզ հետ զրույցում ասաց «ԻՍԱՎ» ՍՊԸ երթուղայինի վարորդներից մեկը: Ըստ վարորդի՝ նա մի քանի անգամ որոշել է դուրս գալ աշխատանքից, սակայն հույս ունենալով, որ իրավիճակը կբարելավվի՝ շարունակել է աշխատել. «Մտածում էի՝ մի քիչ էլ սպասեմ, գուցե իրոք ամեն ինչ լավ լինի, սակայն տեսնում եմ, որ հույսերս ապարդյուն էին»,- ասում է նա՝ ընդգծելով, որ հարմար առիթ լինելու դեպքում կմեկնի Ռուսաստան՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու նպատակով:

Ժամանակավորապես ուղեվարձերի կասեցման վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո կծիկը, քանդվելու փոխարեն, էլ ավելի է խճճվում: Մի կողմից՝ հասարակություն, որի հիմնական մասը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, և քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնող ակտիվիստներ, մյուս կողմից՝ ուղևորափոխադրումների սեփականատերեր ու վարորդներ:

«Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր Վալերի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե առաջ վարորդներն էին դիմում իրենց աշխատանքի ընդունվելու համար, ապա հիմա իրենք են հայտարարություն տալիս, բայց ոչ մեկը չի ցանկանում նման պայմաններով աշխատել. «Մենք դարձել ենք վարորդների գերին, ամեն օր մեկը բերում՝ բանալիները թողնում է ու հայտարարում, որ էլ չի աշխատելու, չեմ հասցնում անունները հիշել: Էլ վարորդներ չունենք, ոչ ոք չի ցանկանում նախկին պայմաններով աշխատել, իսկ ես, եթե շարունակեմ 100 դրամով սպասարկել, որտեղի՞ց եմ բարձրացնելու վարորդների աշխատավարձը»,- նշում է նա:
Նույնը մեզ հետ զրույցում հաստատեց «ԻՍԱՎ» ՍՊԸ տնօրեն Պատվական Միհրանյանը. «Ուղեվարձի 100 դրամ լինելու հանգամանքը բերում է նրան, որ վարորդները լքում են իրենց աշխատավայրերը, իսկ մեծամասնությունը արտագաղթում է Ռուսաստան»:

Նրա խոսքով, բոլորը մտածում են՝ միևնույն է, ես գնացող եմ, չեմ մնալու, միևնույն է, իմ աշխատավարձը չի բավարարում. «Եկել է այնպիսի պահ, որ բոլորը գնում են, լքում են: Ես ունեի 65 վարորդ, քաղաքապետի որոշումից հետո 12-ը մեկնեցին Ռուսաստան, էլ չէին դիմանում»,- ասաց Պ. Միհրանյանը:

«Արշակյան եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Արշակյանը ևս պնդում է, որ ուղեվարձերի 100 դրամ լինելու հանգամանքը իր անմիջական ազդեցությունն է ունենում վարորդների աշխատավարձերի վրա: Ըստ նրա՝ ոչ ոք չի ուզում այդքան ցածր աշխատավարձով իր ուսերին այդքան ծանր աշխատանք կրել:

Ներկայիս իրավիճակը այսօր հանգեցրել է նրան, որ վերոնշյալ ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիները ունեն բազմաթիվ սարքին երթուղիներ, որոնք պարզապես կանգնած են վարորդ չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես կասեցրել է ուղեվարձի թանկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս