
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստը՝ կապված Սիրիայի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստը՝ կառույցի անդամ 28 երկրների դեսպանների մակարդակով: Նիստը նվիրված է Սիրիայում ստեղծված իրավիճակին:
ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումը չի կրում արտակարգ բնույթ: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները մշտապես խորհրդակցություններ են անցկացնում սիրիական զարգացումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը՝ ընդգծելով, որ անդամ երկրների դեսպանները միմյանց հանդիպում են կանոնավորապես, ինչը և տեղի է ունեցել նաև այս շաբաթ:
Միևնույն ժամանակ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ պլանավորված չէ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստ կապված Սիրիայի հետ: Էշթոնը մանրամասնել է, որ արտգործնախարարների հաջորդ պլանային հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթվա վերջին: