
Ադրբեջանական ընդդիմության հերթական հանրահավաքը նշանակվել է սեպտեմբերի 15-ին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) հերթական հանրահավաքը պլանավորված է սեպտեմբերի 15-ին: Այս մասին այսօր հայտարարել է ԺՈՒԱԽ-ի ներկայացուցիչ Ասեֆ Գուլիևը:
Վերջինիս խոսքերով՝ ԺՈՒԱԽ-ում ներառված բոլոր կառույցները ներկայումս լծված են Ջամիլ Հասանլիի օգտին ստորագրություններ հավաքելուն: Ջամիլ Հասանլին ընտրվել էր որպես ԺՈՒԱԽ-ի պահեստային միասնական նախագահի թեկնածու, սակայն այն բանից հետո, ինչ Ադրբեջանի ԿԸՀ-ը չհաստատեց ԺՈՒԱԽ-ի հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը, Հասանլին դարձել է ԺՈՒԱԽ-ի հիմնական թեկնածու:
Գուլիևը հավելել է, որ իրենք ներկայումս կազմում են երկրի շրջաններ այցելելու Հասանլիի աշխատանքային գրաֆիկը: Նշվում է, որ Ռուստամ Իբրահիմբեկովն իր հերթին մեկնել է Մախաչկալա: Այդ այցն իրականացվել է Դաղստանի նախագահ, «Միլիարդատերերի միության» անդամ Ռամազան Աբդուլատիպովի անձնական հրավերի հիման վրա:
Բացի այդ, նշվում է, որ ԺՈՒԱԽ-ի պատվիրակությունը սեպտեմբերի սկզբին մեկնելու է Լոնդոն: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին: