
Առանց ՄԱԿ ԱԽ-ի որոշման, Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելը հակասում է միջազգային իրավունքին. Բրահիմի

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առանց ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան որոշման, Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելը հակասում է միջազգային իրավունքին:
Բրահիմին ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն, նման գործողություններ իրականացման համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի թույլտվությունը: Բրահիմին հավելել է, որ Սիրիական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել քաղաքական մեթոդներ՝ խուսափելով ռազմական միջամտությունից:
Դրա հետ մեկտեղ նա անվիճելի է համարում այն, որ արտաքին ռազմական միջամտությունը ներազդելու է Սիրիայում տիրող իրավիճակի վրա. «Սիրիայում իրականացվել են բավականաչափ սպանություններ: Մենք չենք ցանկանում ավելի շատ սպանություններ: Մենք ցանկանում ենք, որ դրանք դադարեն: Ես սկզբունքայնորեն դեմ եմ ռազմական միջամտությանը»: