Ռուբեն Սահակյան. Եզրակացություն, որ դեպքի ժամանակ Տիգրան Խաչատրյանը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ՝ չկա
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանը դեպքի օրը թմրանյութերի ազդեցության տակ չի եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տ. Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Փորձաքննությամբ նրա մարմնում թմրալկալոիդների հետքեր են հայնտաբերվել:
«Եզրակացություն, որ դեպքի ժամանակ նա գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ՝ չկա: Մարդու մեզի, արյան մեջ, մազերի մեջ հատկապես հետքերը կարող են մնալ հազարամյակներ: Փորձագետին պետք է հարցաքննի քննիչը և իմանա՝ ինչ օրերի ընթացքին է վերաբերվում, երբ է նա օգտագործել, եթե օգտագործել է: Այս հարցի պատասխանը մենք չունենք: Դրա համար մենք չենք խոսում: Ինչի խոսենք այն բանի մասին, որից տեղեկություն չունենք»,- ասաց Ռուբեն Սահակյանը: Նա միաժամանակ նշեց, որ եթե գործող մյուս մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ապացուցի, որ դեպքի ժամանակ Տ. Խաչատրյանը թմրամիջոցների ազդեցության տակ է գտնվել, ինքը կհրաժարվի Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից: Կհրաժարվի, քանի որ կստացվի, որ այդ դեպքում ինքը սուտ է ասել: