
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են վերսկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնել են Վիեննայում գործակալության ունեցած դիվանագիտական աղբյուրները, ուր գտնվում է ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանը:
Աղբյուրների համաձայն, բանակցությունները վերսկսվելու են սեպտեմբերի 27-ին: Դրանց հիմնական նպատակը լինելու է ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից Իրանի «Փարչին» ռազմական օբյեկտ մուտք գործելու թույլտվության ստացումը: ԱԷՄԳ-ը կասկածում է, որ Իրանն այդ օբյեկտում իրականացնում է իր միջուկային ծրագրին առնչվող փորձարկումներ:
Ավելի ուշ ԱԷՄԳ-ը պաշտոնապես հաստատել է, որ Իրանի հետ բանակցությունները վերսկսվելու են սեպտեմբերի 27-ին: Բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին հայտնի դարձավ այն բանից հետո, ինչ ԱԷՄԳ-ում Իրանի նոր մշտական ներկայացուցիչ նշանակվեց Ռեզա Նաջաֆին, ով այդ պաշտոնում փոխարինել է Ալի Ասղար Սոլթանիյեհին: