Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին հրամանը կարող է արձակած լինել Բաշար Ասադի կրտսեր եղբայրը. Bloomberg
Ամերիկյան Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի արվարձանում քիմիական զենք կիրառելու մասին հրամանը կարող է արձակած լինել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կրտսեր եղբայր Մահեր Ասադը: Այս մասին գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի անանուն ներկայացուցիչը:
Գործակալությունն ընդգծում է, որ Բաշար Ասադի եղբայրը հանդիսանում է Հանրապետական գվարդիայի հրամանատար և վերահսկում է 4-րդ զարահատանկային էլիտար դիվիզիան: Աղբյուրի խոսքերով՝ Դամասկոսի արվարձանում քիմիական զենք կիրառելը կարելի է որակել որպես Մահեր Ասադի ինքնակա գործողություն, քան՝ նրա եղբոր (Բաշար Ասադ) կողմից ընդունված ռազմավարական որոշում:
Աղբյուրը հավելել է, որ քիմիական զենքի կիրառման «պատասխանատվության բարդումը» Ասադի կրտսեր եղբոր վրա ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հնարավորություն է տալիս հարվածել միայն մի շարք ռազմական օբյեկտների, օրինակ՝ Հանրապետական գվարդիայի շտաբին: