Դա Տիգրան Սարգսյանի ամենահամարձակ քայլն էր (տեսանյութ)
Վերջին օրերին մամուլում լուրեր են հրապարակվում, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահ, նորաստեղծ ՀՀՇ նախաձեռնողներից Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև կիթառ է նվագել` շնորհավորելով Ա.Զուրաբյանին: Այսօրվա ասուլիսում լրագրողները նոր ՀՀՇ-ի նախաձեռնողներից Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցին, թե որքանով են համապատասխանում իրականությանն այս լուրերը: Ի պատասխան նա նշեց.
«Հայաստանում չեմ եղել, այլապես` կլինեի առաջին շարքերում: Հաճույքով կմասնակցեի այդ ծնունդին, կշնորհավորեի իմ ընկերոջ 50 ամյակը` կփորձեի ուրախություն մտցնել այդ իրադարձության մեջ: Վա՞տ է, որ վարչապետը մասնակցել է: Վարչապետի վերջին տարիների քայլերից ամենահամարձակ քայլն էր դա, կարծում եմ, և ես ողջունում եմ: Չգիտեմ` ովքեր են մասնակցել, բայց գիտեմ, որ չեն մասնակցել նրանք, ովքեր Արարատ Զուրաբյանի հետ երկար տարիների ճանապարհ են անցել, ովքեր միմյանց ընկեր են համարել ու մեկի հայտարարության պատճառով մի օր Արարատ Զուրաբյանի հետ դարձել են թշնամի»:
Նա նշեց, որ մամուլից է իմացել այն մասին, որ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել այդ միջոցառմանը, ապա ընդգծեց. «Լավ է արել` խմել է Արարատ Զուրաբյանի կենացը: Եթե ինքը «Բենթլի» նվիրեր Արարատ Զուրաբյանին, ես կդատապարտեի, եթե ֆինանսավորեր ծնունդը` վատ կհամարեի, բայց նախ կհարցնեի`բյուջեի՞ց է գումար հատկացրել, թե՞ սեփական գրպանից ու կախված պատասխանից կոպիտ կվերաբերվեի: Բայց նման բաներ չեն եղել»:
Հովհաննես Իգիթյանը հերքեց այն լուրերը, թե Տիգրան Սարգսյանն է ֆինանսավորում նորաստեղծ ՀՀՇ կուսակցությունը և հայտարարեց. «Մեզ չի ֆինանսավորելու նույնիսկ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր հիմնական ուժերին»: Թե ո՞ւմ նկատի ուներ Հ. Իգիթյանը՝ չմասնավորեցրեց:
Հարցին, թե հետագայում ինչպե՞ս պետք է քննադատեք վարչապետին, բանախոսը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ քննադատում: Ես գտնում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենաթույլն է Հայաստանի պատմության մեջ, գտնում է, որ տնտեսական անգամ 7 տոկոս աճ ապահովող ծրագիր այդ կառավարությունը չի ներկայացնում: Ռեֆլեկտորայաին, տեղական քաղաքականություն է: Ընդհանուր ստարտեգիայով կառավարության վատ է աշխատում, թեպետ լավ մարդիկ կան: Քննադատությունը կարող եմ շարունակել մինչև վերջ, բայց ես որևէ խնդիր չունեմ մեկի հետ նստել սուրճ խմել կամ ձեռք սեղմել, կամ Տիգրան Սարգսյանի հետ նստել, ով շարժման մեջ է եղել»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: