
Մեծ Բրիտանիան այսօր ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին է ներկայացնելու Սիրիայի վերաբերյալ բանաձևը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան այսօր ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին է ներկայացնելու Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումը դատապարտող բանաձևի նախագիծը, որն իրավունք է տալիս ընդունել անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Ներկայումս հենց Մեծ Բրիտանիան է նախագահում ՄԱԿ ԱԽ-ում, որի 5 մշտական անդամներն են հանդիսանում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը:
Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շարունակ հանդես է գալիս ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքը փոփոխելու անհրաժեշտության մասին հայտարարարություններով՝ գտնելով, որ սխալ է այդ 5 երկրներն են որոշում մնացյալ 188 երկրների ճակատագիրը: