Արտակ Բուդաղյանին թիկունքից չեն կրակել. Տիգրան Խաչատրյանի պաշտպան
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանը եղել է գինովցած: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: «Փորձագետի եզրակացության համաձայն՝ 6,2 պրո/միլ է, այսինքն՝ նորմայից 25,5 անգամ ավելի խմած վիճակում: Ես չգիտեմ՝ ով ինչքան խմած վիճակում է եղել»:
Ռուբեն Սահակյանն ասաց, որ դատելով գործի նյութերից՝ Ավետիք Բուդաղյանը վրդովված եկել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հետևյալ պատճառով. «Նույն օրը Սըդըխի գյոլ կոչվող տարածքից երբ վերադարձել են, մեքենայի մեջ, ըստ Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքի, տեղի է ունեցել վիճաբանություն, նրանց երկուսի միջև՝ Ավետիքի և Զարզանդի, և Զարզանդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրան: Ըստ մեր նյութերի՝ Ավետիք Բուդաղյանը վրդովված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել Զարզանդ Նիկողոսյանին»:
Անդրադառնալով Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ Բուդաղյան եղբայրներին կրակել են թիկունքից, Ռուբեն Սահակյանն ասաց, որ դա անթույլատրելի հնարք է. Արտակ Բուդաղյանին մարմնում հայտնաբերել է մեկ գնդակ, որը դուրս չի եկել նրա մարմնից. «Եթե մուտքը լյարդի շրջանում է, ուրեմն դիմացից է մուտքը: Մեր հրազեններն առայժմ դեռևս սովորություն չունեն շրջանցել մարդու մարմինը 180 աստիճան և վերադառնալ, մխրճվել մարմնի մեջ: Նման բան դեռևս գոյություն չունի»: Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ Ավետիք Բուդաղյանն ունի երեք վնասվածք, որոնք, ըստ նրա, թիկունքից չէին կարող պատճառվել, միայն մեկի մասով կարելի է նման բան ասել: Ռ. Սահակյանի խոսքով՝ Ավետիք Բուդաղյանին դիպած երկու գնդակներ կրակվել են «Տոզ» տեսակի հրազենից, իսկ այն եղել է Տիգրան Խաչատրյանի մոտ: Ռուբեն Սահակյանի խոսքով՝ Տիգրան Խաչատրյանին որպես մեղադրյալ նրգրավվելու որոշման համաձայն՝ Տ. Խաչատրյանը շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով կրակոցներ է արձակել դեպքի վայրում վիճաբանության մեջ գտնվող անձանց ուղղությամբ: Վիճաբանողների ուղղությամբ կրակելու մեղադրանքի ձևակերպումն, ըստ պաշտպանի, իրականությանը չի համապատասխանում, քանի որ տեսանյութում երևում է, որ Տ. Խաչատրյանը կրակել է միայն Արտակ Բուդաղյանի վրա, իսկ այնուհետև կրակել է միայն Ավետիք Բուդաղյանի վրա. « Ընդ որում, կրակել է ոչ թե կոտորակներ պարունակող փամփուշտներով, որի դեպքում թերևս կարելի է խոսել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակի մասին, այլ կրակել է 5.6մմ տրամաչափի փամփուշտներով, այն էլ մեկական կրակոցներով և ոչ թե կրակահերթով»։