Արագածոտնի մարզում գործում է ազգային փոքրաասնությունների 20 դպրոց
Արագածոտնի մարզում գործում է կրթության ոլորտի 121 ոչ պետական կազմակերպություն, որից 119-ը` հանրակրթական դպրոցներ են, 1-ը հատուկ դպրոց է, 1-ն էլ՝ մարզադպրոց: Այս մասին երեկ կայացած մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ զեկուցել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, համակարգի այլ ներկայացուցիչներ:
Մարզային դպրոցներից 79-ը միջնակարգ է, 40-ը` հիմնական: Զեկույցի համաձայն 2012-13 ուսումնական տարվա ընթացքում մարզի դպրոցներ է ընդունվել 239 աշակերտ, որից 68-ը Ռուսաստանի Դաշնությունից, 7-ը՝ Լիբանանից և Սիրիայից: Մարզում գործում է ազգային փոքրամասնությունների 20 դպրոց, կոմպլեկտավորվել է 110 դասարան՝ 727 աշակերտով, որից 26-ը ազգությամբ հայ են: 358 աշակերտի համար մայրենի լեզվի ուսուցումը կազմակերպվում է եզդիերենի, 343-ի համար՝ քրդերենի դասագրքերով, որոնք երաշխավորված են ՀՀ ԿԳՆ-ի կողմից:
Անդրադառնալով կրթության ոլորտի կազմակերպման աշխատանքային պայմաններին, զեկուցողը հայտնել է, որ մարզի 49 դպրոց ստանում է լոկալ ջեռուցում, 15-ը ջեռուցվում է հեղուկ վառելիքով, 34-ը՝ բնական գազով: 70 դպրոց ջեռուցվում են էլեկտրականությամբ, հեղուկ վառելիքով (կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են և էլեկտրականությամբ, և հեղուկ վառելիքով): Ջեռուցման խնդիրը շարունակվում է լուծում ստանալ դպրոցաշինության ծրագրերի իրականացման արդյունքում: Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մարզում ներկայումս 18 դպրոցում վերանորոգման ծրագրեր են իրականացվում: