Ռուսաստանը Սիրիայից հետ է կանչում իր քաղաքացիներին. թուրքական մամուլ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ իր հետ Սիրիայից բերելով Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների 89 քաղաքացու:
Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ այդ 89 անձանցից 75-ը հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին ԱԻՆ-ի ինքնաթիռներով Սիրիայից տարհանվել է մոտ 730 մարդ:
ՌԴ ԱԻՆ-ի Ил-76 ինքնաթիռը 20 տոննա հումանիտար օգնություն (հիմնականում պահածոներ և շաքար) է հասցրել Սիրիային (Լաթաքիա), իսկ հետադարձի ժամանակ իր հետ Մոսկվա է հասցրել Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների քաղաքացիներին:
Թուրքական մամուլը (մասնավորապես Doğan լրատվական գործակալությունը) ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կողմից Սիրիայում իր քաղաքացիների տարհանմանը՝ գրելով, որ Ռուսաստանը Սիրիայից հետ է կանչում իր քաղաքացիներին, ինչը կապված է Արևմտյան երկրների կողմից Սիրիային հարվածելու հնարավորության հետ: