
Ահմադինեժադն Իրանի նախագահի հաշվեհամարից մոտ 6.5 միլիոն դոլար է փոխանցել իր անձնական հաշվեհամարին. Bahar

Իրանական Bahar թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մոտ 6.45 միլիոն դոլար (պաշտոնական փոխարժեքով 1 դոլարը հավասար է 24.800 ռիալի) է Իրանի նախագահի բանկային հաշվեհամարից փոխանցել իր անձնական բանկային հաշվեհամարին, որը նրա համար բացել է համալսարանը:
Այս մասին թերթին հայտնել է իրազեկ աղբյուրը: Թերթի տվյալներով՝ գումարը համալսարանի բանկային մասնավոր հաշվեհամարին է փոխանցվել օգոստոսի 4-ին՝ նույն օրը, երբ Ահմադինեժադը պաշտոնապես նախագահական լիազորությունները հանձնել է Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիին:
Թերթը վստահեցնում է, որ գումարի փոխանցման ժամանակ Ահմադինեժադն արդեն իսկ պաշտոնապես չի հանդիսացել երկրի նախագահ, ինչը նշանակում է, որ գումարի փոխանցումը եղել է ապօրինի: Ահմադինեժադը 6.45 միլիոն դոլարը փոխանցել է իր մասնավոր համալսարանի հաշվին, որը շուտով կբացվի Թեհրանում: Ահմադինեժադն արդեն իսկ իր նախկին վարչակազմի մի շարք անդամների նոր պաշտոնների է նշանակել համալսարանում: