
Քադաֆիի որդու դատավարությունը Տրիպոլիում մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գահընկեց արված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը պետք է Տրիպոլիում առաջին ատյանի դատարանի առաջ կանգնի սեպտեմբերի 19-ին: Այս մասին երեկ հայտնել է Լիբիայի գլխավոր դատախազությունը:
Քադաֆիի որդին կալանքի տակ է առնվել 2011 թվականի նոյեմբերին, Լիբիայի հարավում: Նրան ձերբակալել են Զինտան քաղաքի նախկին ապստամբները, որոնք ցայժմ հրաժարվում էին նրան հանձնել Տրիպոլիի կենտրոնական կառավարությանը:
Սեյֆ ալ-Իսլամը մեղադրվում է 2011 թվականի փետրվարի 17-ի հեղափոխության ժամանակ Լիբիայի ժողովրդի դեմ հանցանքներ գործելու մեջ: Քադաֆիի որդու նկատմամբ մարդկության դեմ հանցանքներ գործելու մեղադրանքը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանը, որը ձգտում է հասնել նրան, որ Սեյֆ ալ-Իսլամի նկատմամբ դատավարությունն անցկացվի Հաագայում:
Լիբիայի իշխանությունները մերժել են դա՝ պնդելով հայրենիքում նրա դատավարությունն անցկացնելու անհրաժեշտությունը: Իրավաբանները մտավախություն ունեն, որ հայրենիքում նրան անխուսափելիորեն սպառնում է մահապատիժ: Սեպտեմբերի 19-ին դատարանի առաջ է կանգնելու նաև գահընկեց արված վարչակարգի հատուկ ծառայությունների ղեկավար Աբդալլահ աս-Սենուսին: