
Ես Իվանիշվիլիի վագրաձին չեմ, որ ինձ նետի վանդակը. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կասկած է հայտնել, որ կարող է կանգնել դատարանի առջև: Նա կարծում է, որ իրեն պետք է դատի պատմությունը:
Ոչ վաղ անցյալում Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ չբացառելով, որ Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առաջ՝ կապված էլիտար կոռուպցիայի հետ:
Դրա հետ կապված՝ Սաակաշվիլին հայտարարել է. «Կտեսնենք, թե ով ում կձերբակալի: Ես վագրաձի (զեբր) կամ էլ տնային որևէ կենդանի չեմ, որ նա կալանի ինձ ու նետի վանդակը: Մեկ բան է նրա ցանկությունը, և մեկ այլ բան՝ իրականությունը: Վրաց ժողովուրդն ամեն ինչ կդնի իր տեղը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ կդատի պատմությունը, և ոչ թե որևէ կենդանաբանական այգու տնօրեն»: