Բաժիններ՝

«Արտագնա աշխատանքի գնացողները չեն պակասել»

Արդեն ավարտվում է արտագնա աշխատանքի շրջանը, սակայն Հայաստան վերադարձողները շատ չեն:

Երևանի փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ հայտարարություններ, որոնք առաջարկում են մատչելի գներով և հարմարավետ ավտոբուսներով տեղափոխել ձեզ դեպի Ռուսաստանի Դաշնություն: Մեկնում են հիմնականում աշխատելու նպատակով: Այդպիսի կազմակերպություններից մեկի տնօրեն Արտյոմ Ասրյանը «Ազատություն»  ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ արդեն ավարտվում է արտագնա աշխատանքի շրջանը, սակայն Հայաստան վերադարձողները շատ չեն:

Կազմակերպությունը երկու տարի է, ինչ ուղևորափոխադրումներ է իրականացնում Ռուսաստանի տարբեր քաղաքաներ՝ Սոչի, Պյատիգորսկ, Մոսկվա, Կրասնոդար:

Ընկերության տնօրենը փոխանցել է, որ Հայաստանից արտագնա աշխատանքի հիմնականում գնում են Կրասնոդար և Սոչի: Նրանք, ովքեր որոշել են հաստատվել Ռուսաստանում և մեկնում են ընտանիքներով, ավելի շատ կանգ են առնում Ռոստովում, Վլադիկավկազում, Պյադիգորսկում:

«50-60 տեղանոց ավտոբուսը գնում է, 5-6 հոգով հետ է գալիս: Հիմա մեզնից օգտվողները ավելի շատ մեկնում են ընտանիքներով, ու էդպիսի բաժանում չկա, որ ցածր սոցիալական խմբի մարդիկ են գնում, բոլոր խմբերի մարդիկ էլ գնում են: Պարտքով փող են վերցնում եւ գնում աշխատելու», – ասել է  Արտյոմ Ասրյանը:

Հարցին, թե ինչ հաճախականությամբ է իրենց կազմակերպությունը ուղևորափոխադրումներ կատարում, Արտյոմ Ասրյանը պատասխանել է․ – «Շաբաթական երեք օր, բայց հինգ օրն էլ այստեղից տեղափոխություններ են լինում, մեկ ընկերություն չի, երկուսը չի»:

Հիշեցնենք, որ, ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 123 հազար, որը 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիներին ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ:

Հայաստանից աշխատելու նպատակով մեկնողների առաջին նպատակակետը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը` չնայած այն բանին, որ Ռուսաստանը վերջին ամսվա ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը. ստեղծել է ճամբարներ միգրանտների համար, նրանց պահում է այդ ճամբարներում, որից հետո արտաքսում է իրենց իսկ երկրներ: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, նույնիսկ այս խստեցված քաղաքականության պարագայում Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթի հոսքը շարունակվելու է:

«Եթե մարդը իր բնակավայրում իրեն հարմարավետ է զգում, նույնիսկ կրկնակի վաստակելու պայմանով չի մեկնի: Միանշանակ անհարմարավետ երկիր ենք ստեղծել, որտեղ ոչ մի խավի հարմարավետ չէ ապրել», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է  ժողովրդագիրը:

Կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս