Վաղարշակ Հարությունյանը՝ Եվրասիական միության մասին. «ՀՀ-ն այլ տարբերակ չունի…»
«Հայաստանի իրական անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը` ՀԱՊԿ պայմանագրերի հիմքում»,- այսօր տեղի ունեցած «Դեպի Եվրասիական միություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն` անդրադառանալով հարցին, թե ո՞րն է Հայաստանի համար ձեռնտու` Եվրասիակա՞ն միությունը, թե՞ Եվրամիությունը:
«Եթե Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 3 մլդ 6 հարյուր մլն, ապա Հայաստանն ինչպե՞ս է իր 4 հարյուր մլն բյուջեով կանխում այդ սպառնալիքը: Ուրեմն որևէ պետություն կամ պայմանագիր կոմպենսացնում է դա, չէ՞… Այո, կանխում է Ռուսաստանը: Այս տեսանկյունից մի բան պարզ է` ՀՀ-ն այլ տարբերակ չունի, այլընտրանք էլ չկա: Այլընտրանքը՝ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ն է, իսկ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում Թուրքիան է ու որևէ որոշում հակաթուրքական կամ հակաադրբեջանական, Հայաստանը անգամ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում անցկացնել չի կարող»,- մասնավորեցրեց նա:
Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե հնարավոր է՝ անվտանգության հարցերը կապել ՌԴ հետ, իսկ տնտեսական հարաբերությունները կառուցել Եվրոպայի հետ, պաշտպանության նախկին նախարարը նկատեց.
«Բայց մեր տնտեսական հարաբերություններն այսօր ո՞ւմ հետ են ավելի խորքային: Հայաստանն այսօր իր թերություններով հանդերձ` մրցունակ է, բայց հետագայում նման բան չի լինի: Եվրոպացիք ասում են, թե անդամագրվելուց հետո Հայաստանը կարտադրի տեքստիլ, իսկ Հայաստանն էլ կստանա գյուղատնտեսական ապրանքներ: Սա նշանակում է, որ Հայաստանի թույլ գյուղտնտեսությունը կմեռնի, իսկ հայկական տեքստիլն էլ թուրքական տեքստիլի կողքին զրոյական կլինի: Վրացական գինին՝ որքան էլ ուզում է լավը լինի, չի կարող պայքարել ֆրանսիակական գինու հետ, ասենք` իտալական շուկայում»: