Խաչատուր Պողոսյանի պաշտպան. Եթե Պարույր Հայրիկյանին սպանելու նպատակ ունենար՝ նրան ոչինիչ չի խանգարել 7 փամփուշտներն էլ կրակել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Նա նշեց, որ դեպքից հետո հարուցվել է քրեական գործ, արարքին տրվել են որոշակի որակումներ, սակայն հետագայում նախաքննական մարմինը փորձել է մեղադրյալների արարքները համապատասխանեցնել սկզբանական շրջանում դրանց տրված որակումերին: Լյուդվիգ Ավետիսյանն ասաց, որ եթե իր պաշտպանյալի «Նագան» տեսակի ատրճանակում թվով 7 փամփուշտ է հայտնաբերվել, դա չի նշանակում, որ նա Պ. Հայրիկյանին սպանելու նպատակ է ունեցել: Խ. Պողոսյանն, ըստ նրա, 2 կրակոց է արձակել, իսկ նրան ոչինիչ չի խանգարել 7 փամփուշտներն էլ կրակել, եթե նա Պ. Հայրիկյանին սպանելու նպատակ ունենար:

Լ. Ավետիսյանն ասաց, որ գործի քննության ընթացքում այդպես էլ պարզ չի դարձել` Պարույր Հայրիկյանին սպանելու պատվեր տալով Վարդան Սեդակյանն ի՞նչ խնդիր էր լուծելու: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին պետք է Քրեական օրենսագրքի 34-305 հոդվածով անմեղ ճանաչել՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով, նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը փոխադրելը, և 113 հոդվածի 2 մասի  3-րդ, 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ:

Պաշտպանը խնդրեց նաև վճիռ կայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ ամբաստանյալն իր խնամակալության տակ մինչև 14 տարեկան մեկ երեխա ունի, տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս