Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային շատ վտանգավոր հակամարտություն է. Մորնինգսթար
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն ամերիկյան The politics պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ունի բարեփոխումների կարիք.
«Ադրբեջանը, իրականացնելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներ, որոնք հիրավի անհրաժեշտ են երկարաժամկետ կայունության համար, կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր խաղացողը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու դեպքում: Դա կարող է նպաստել նաև տարածաշրջանային ավելի մեծ ինտեգրման»:
Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն ակտիվորեն զարգանում է տնտեսական առումով, ինչը մասնակիորեն իրականացվում է էներգապաշարների հաշվին: Մորնինգսթարը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել Ադրբեջանին աջակցել զարգացման, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր.
«Անցել է արդեն իսկ ավելի քան 20 տարի, և այդ հարցը դեռ լուծված չէ: Դա տարածաշրջանային շատ վտանգավոր հակամարտություն է»: